Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Բաց նամակ ՀՀ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին

Բաց նամակ ՀՀ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին
27.07.2018 | 03:13

Հարգելի պարոն մարզպետ

Մենք ապրում ենք, այսպես ասենք, Ձորաղբյուրի ամառանոցավանում (ժողովրդական անվանումով՝ «Ձորաղբյուրի դաչաներում»): Տարածքը մոտ է Երևանին, գեղեցկատես փռված է հսկա սարի փեշերին, բնակլիմայական պայմանները հիանալի են, ստեղծված է խանութների, զանազան ծառայությունների ցանց և այլն: Բազմաթիվ ընտանիքներ այստեղ արդեն ապրում են մշտապես:


Սակայն բնակիչներին հուզող ամենասուր հարցը, թերևս, խմելու ջրի բացակայությունն է: Կոմունիստների ժամանակ, երբ սկսվել է ամառանոցավանի շինարարությունը, որոշակի խորությամբ տեղադրվել են նաև ջրատար խողովակներ: Թե ինչ վիճակում են դրանք ներկայումս, մեզ հայտնի չէ:
Մերձակայքում խմելու ջուր կա. նույնիսկ որոշ մասնավոր գործարարներ ջուր են մատակարարում առանձին թաղամասերի: ՈՒրեմն, ինչու չմտածել ավանի բնակիչներին խմելու ջրով ապահովելու խնդրի մասին: Տեսեք, մարդիկ ստիպված են օգտվել գետնաջրերից: Սակայն հենց միայն 30-մետրանոց խորքային հորը նրանց վրա նստում է մոտ 1,5 մլիոն դրամ: Հսկայական գումար, որ մատչելի չէ շատերին: Ստիպված են լինում նաև տեղադրել հսկա բաքեր, որ նույնպես էժան հաճույք չէ: Գետնաջուրը պիտանի չէ խմելու համար, իսկ որոշ տեղերում, որտեղ կավը շատ է, խորհուրդ չեն տալիս նույնիսկ ջրել ծառերը: Ինչ-որ տեղ մեզ փրկում է ամռանը տրվող ոռոգման ջուրը, որը բավականին մաքուր է: Բնակիչները հարկադրաբար զգալի գումարներ են ծախսում նաև ջրատար մեքենաներով ջուր բերելու համար:


Ի՞նչ կտա խմելու ջուրը ավանի բնակիչներին: Նախ, շոշափելիորեն կհեշտանա նրանց կենցաղը. կկարողանան վերջապես «մարդավարի» ճաշ եփել, աման լվանալ, լվացք անել, լողանալ և այլն: Այլ խոսքով ասած՝ իրենց զգալ անկախ Հայաստանի լիարժեք քաղաքացի: Այնուհետև, հավատացեք, Երևան քաղաքը ինչ-որ տեղ կբեռնաթափվի: Մշտական ջուր լինելու դեպքում շատ երևանցիներ, հատկապես տարեց սերունդը, հոգնած մեծ քաղաքից, կգերադասեն իրենց ամառանոցը դարձնել «սեփական տուն»՝ այգով, խորովածանոցով, ճոճանակով...
Իսկ ինչ նոր բան է նկատվում վերջին ժամանակներս: Մեր հարևանների մեջ արդեն հայտնվել են բազմաթիվ սփյուռքահայեր Սիրիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ամերիկայից: Եվ համոզված եղեք՝ խմելու ջուրը շեշտակիորեն կընդլայնի այս ցուցակը: Ինչո՞վ սա հայրենադարձություն չէ։


Մենք հասկանում ենք, որ հարցի լուծումը ֆինանսական ծախսեր կպահանջի: Համոզված ենք, որ ավանի բնակիչները կհամաձայնեն առաջիկա մի քանի տարում ընդունված ջրավարձից փոքր-ինչ ավելի վճարել, միայն թե մշտական լինի կենարար հեղուկը:
Հույս ենք հայտնում, պարոն մարզպետ, որ Դուք` որպես նոր սերնդի իշխանության ներկայացուցիչ, ըմբռնումով կվերաբերվեք մեր խնդրանքին: Եկել է ժամանակը, որ Հայաստանի նոր իշխանությունները վերջապես ուշադիր լինեն իրենց քաղաքացիների հոգսերի ու կարիքների նկատմամբ: Մեծ են ակնկալիքները թավշյա հեղափոխությունից...


Սասուն ԾԻՐՈՒՆՅԱՆ
Աշոտ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ
Էլիզա ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ
Հրաչ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
և այլք

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ